Մեքսիկական Մորելիա քաղաքի Միչոականա բուհի 150 ուսանողներ երեկ` մայիսի 8-ին, գրավել են իրենց ուսումնական հաստատության շենքը` պահանջելով ազատել ավելի վաղ անկարգություններին մասնակցելու պատճառով ձերբակալված իրենց ընկերներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հաղորդում են Մոչոական նահանգի իշխանությունները:
Գործողությունների հետևանքով երկուշաբթի շուրջ 57 հազար ուսանողներ չեն կարողացել մասնակցել պարապմունքներին:
Համալսարանի ռեկտորը կոչ է արել ակցիայի մասնակիցներին գնալ փոխզիջման ու հարգել մյուս ուսանողների իրավունքները, սակայն այդ կոչն անպատասխան է մնացել:
Ուսանողների հիմնական պահանջը փողոցային անկարգությունների մեջ կասկածվող 10 ուսանողների ազատ արձակումն է:
Մորելիում ուսանողական խռովություններ էին եղել ապրիլի վերջին. ուսանողները փակել էին մի շարք փողոցներ քաղաքի կենտրոնում, ինչպես նաև գրավել մի քանի ավտոմեքենա` սպառնալով հրդեհել: Ոստիկանների հետ բախման հետևանքով վնասվածքներ էին ստացել 7 ուսանողներ, 14 իրավապահներ:
Բարիկադավորվելով համալսարանի ներսում` երիտասարդները փակել են դռները շղթաների օգնությամբ ու ոչ ոքի ներս չեն թողնում: Առայժմ տեղեկություններ չկան համալսարանի շուրջ ոստիկանական ստորաբաժանումների կուտակման մասին:








































