«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1994-1998թթ. Կենտրոնական բանկի նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
– Պարոն Ասատրյան, ԱԺ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են. քաղաքական ուժերի այսպիսի դասավորվածության պայմաններում, երբ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է ձևավորում ԱԺ-ում, Հայաստանի համար ի՞նչ տնտեսական հեռանկար եք պատկերացնում:
– ԱԺ անցած ընտրությունները նախևառաջ իշխանությունների համար հնարավորություն էր ներկայացնելու իրենց պատկերացումն ապագա զարգացումների վերաբերյալ: Եվ իշխանությունները շատ հստակ հայտարարեցին այն` թող որևէ մեկի մտքով անգամ չանցնի, թե որևէ փոփոխություն կարող է լինել, հանցավոր, օլիգարխիկ համակարգը այսուհետև ևս պետք է իշխող լինի Հայաստանում, քաղաքական առանցքի հիմքը գործարարներն են, որոնց արտոնվել է պատգամավորական մանդատ: Սրանք էլ, իրենց հերթին որևէ քաղաքական նախընտրություն չունենալով, քաղաքական դաշտում հանդիսանալու են միայն կոճակ սեղմողներ կամ իրենց «շեֆի» հլու-հնազանդ ծառաները՝ փոխարենը իրավունք պահպանելով հատուկ պայմաններով գործունեություն իրականացնել տնտեսական դաշտում: Հարուստները ընտրակաշառքի վրա ծախսած գումարները հետ բերելուց հետո մի քիչ էլ կհարստանան, երկիրը մինչ տարեվերջ կլքի ևս մի 50 հազար մարդ:
Ի վերջո` արձանագրենք, որ որևէ փոփոխություն քաղաքական դաշտում տեղի չի ունեցել, Քոչարյանի ձեռքով նկարված ԱԺ քաղաքական համամասնությունները, անգամ անվանական ցուցակը, մնացին անփոփոխ: Իսկ ՀԱԿ-ին նվազագույն անցողիկ տոկոս նկարելը միայն «թուլափայ էր» Եվրոպային, որ հանկարծ շատ չխոսեն, որին, հուսով եմ, ՀԱԿ-ը բացասաբար կանդրադառնա ու կհրաժարվի մանդատներից:
– Լուրեր կան, որ եվրոպական կառույցներն արդար ընտրություններ անցկացնելու համար ՀՀ-ին անհատույց 2 մլրդ եվրո կարող են հատկացնել և ինտեգրացիոն գործընթացներն արագացնել: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
– Չեմ կարծում, որ հավանաբար տրամադրվելիք 2 մլրդ եվրո-ն էական ազդեցություն կունենա որևէ երևույթի վրա, սա սովետական շրջանի հայտնի խաղից է՝ իշխանությունները խաբեցին նրանց, թե արդար ընտրություն են կազմակերպել, նրանք էլ խաբեցին իշխանություններին, թե փող են տվել, իսկ եվրաինտեգրացիան մեր երկրի համար կմնա անընդհատ հեռացող տեսիլք:
– Հնարավո՞ր եք համարում նոր խորհրդարանում կոալիցիայի ձևավորումը, եթե այո, ապա ո՞ր ուժերի միջև:
– Կրկնում եմ՝ որևէ բան չի փոխվել, իշխանությունները ջանք չխնայեցին, որ որևէ բան մեր երկրում չփոխվի, որ ԱԺ-ն համալրվի բութ, անասուն, քաղաքական որևէ սկզբունք չկրող գործիքներով, որոնք կհանդիսանան իշխանության «պահպանակը», հավանաբար նույն կառուցվածքով: Ըստ էության՝ իշխանությունները հաղթեցին հայ ժողովրդին և հայոց պետականությանը:









































