Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ Թադևոս Ա. Գևորգյանը 2008թ. սեպտեմբերի վերջերին, հոկտեմբեր ամսի սկզբներին, կոնկրետ օրը պարզված չէ, մի օր տեսել է իրենց գյուղի բնակչուհի, հարևանի հարս Գոհարին (անունը փոխված է) ու միտքը ծռվել:
Ըստ քրեական գործի` երբ վերջինս գնացել է ժամը 14.00-ի սահմաններում Մեծ Պարնի գյուղի դաշտում գտնվող առվի մոտ, Թադևոսը սեռական հարաբերություն ունենալու նպատակով, ֆիզիկական բռնություն գործադրելով Գոհարին գցել է գետնին ու պառկել նրա վրա, ապա նրա կամքին հակառակ իջեցրել է սպորտային տաբատն ու ներքնազգեստը ու փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Սակայն Գոհարը մի քիչ դիմադրելուց հետո դուրս է պրծել Թադևոսի ձեռքից և թույլ չի տվել, որ նա իրագործի իր մտադրությունը, և վազելով հեռացել է այնտեղից:
Այս պատմությունը դառնալով «ռազբորկայի» առիթ, վատ շարունակություն և դժբախտ ավարտ է ունեցել. ամբաստանյալ Թադևոս Գևորգյանը և տուժող Վարդան Արզումանյանը` Գոհարի ամուսնու հորեղբոր որդին, 2010թ. հունիսի 21-ի երեկոյան մասնակցել են համագյուղացի Գրիգոր Եթումյանի բանակ մեկնելու առթիվ կազմակերպված խնջույքին: Թադևոսն իր հոր և եղբոր հետ ևս խնջույքի են գնացել, որտեղ բնականաբար ոգելից խմիչք են օգտագործել, հետո դուրս եկել` թարմանալու: Ժամը 22:00-ի սահմաններում, երբ Թադևոսը համագյուղացիներից մեկի հետ զրուցելիս է եղել դրսում, նրանց է մոտեցել Վարդանը և Թադևոսին ասել, որ ինքը նրան ասելիք ունի: Պայմանավորվել են, և Վարդանին վերցնելով` Թադևոսը իր վարած մեքենայով և եղբոր` Սարգսի հետ նստել են մեքենան և գնացել խոսելու:
Թադևոսը ավտոմեքենան վարել է դեպի Սպիտակ: Այնտեղից անցնելով և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով, ալկոհոլ օգտագործած Թադևոսը գերազանցել է արագությունը և ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց երթևեկելի ուղեմաս` ընկել ճանապարհին հարող հանդամասը և ավտոմեքենան ենթարկել վթարի, որի հետևանքով Վարդանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ երկու եղբայրները թեթև քերծվածքներ են ստացել: Ըստ քրգործի` վթարից հետո նրանք Վարդանին գտել են ավտոմեքենայի մոտ ընկած` անգիտակից վիճակում և կանգնեցնելով մայրուղով պատահական անցնող «տաքսի» ավտոմեքենան, Վարդան Արզումանյանին տեղափոխել են «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ: Վարդանի գիտակցությունը դեռևս չի վերականգնվել, նա ի վիճակի չէ խոսել, հաղորդակցվել, որի պատճառով հնարավոր չի եղել նրան հարցաքննել ոչ քրեական գործի նախաքննության և ոչ էլ դատաքննության ընթացքում: Վարդանի հայրը դատարանում հայտնել է, որ որդուն բռնությամբ են նստեցրել մեքենան և տարել պարզաբանումներ ստանալու, քանի որ նախկինում Վարդանը ծեծել է Թադևոսին` Գոհարի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու պատճառով:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը Թադևոս Գևորգյանին բռնաբարության փորձի մեջ անմեղ է ճանաչել, իսկ քր.օր.-ի 242-րդ հոդվածի 1-ին մասով` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք, նրան դատապարտել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամանակով` զրկելով նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով: Դատարանը նաև համաներմամբ ազատ է արձակել պատժի կրումից:
Այժմ տուժողի հայրը խիստ պատիժ է պահանջում վերաքննիչ դատարանից:











































