Զանգեզուրը մուրաբայի դիմաց կհանձնեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ գնահատելով քաղաքացիական ակտիվությունը համացանցում։ Նա մտահոգություն հայտնեց ընտրակաշառքների վերաբերյալ։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ անհասկանալի է այն քաղաքական գործիչների տեսակետները, երբ հորդորում են մարդկանց վերցնել ընտրակաշառք, մինչդեռ ընտրակաշառք վերցնելը քրեական հանցագործություն է:
Անդրադառնալով ընտրությունների օրը համացանցային ակտիվությանը՝ նա ասաց, որ այս ընտրություններին առաջին անգամ քաղաքացիական վերահսկողություն էր ցուցաբերվում ցանցային ակտիվիստների կողմից: Նրա խոսքով՝ սովոր ենք, որ կան վերահսկող լրագրողներ, դիտորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն այս անգամ միջին քաղաքացին բջջային հեռախոսով վերահսկողություն էր իրականացնում ընտրությունների նկատմամբ:
«Մենք iDitord կայքում նրանց ահազանգերն էինք հավաքում, մեծ թվով մարդիկ այդ գործով էին զբաղվում. մի քանի հարթակ էր գործում՝ mynews, irazek, որն ավելի մրցակցայնություն էր ստեղծում: Մենք ունեցանք առաջին ընտրությունները, որ կար քաղաքացիական վերահսկողություն։ Մարդիկ շատ ակտիվ իրենց պարտքը կատարում էին նաև վերահսկելով»,- մեկնաբանեց մասնագետը՝ հավելելով, որ ընտրությունների ժամանակ կար զանգված, ով մուրաբայի դիմաց էր քվեարկում, բայց կար նաև զանգված, որ փորձում էր այնպես անել, որ այդ ընտրությունները լավ անցնեն։ Ըստ Ս. Մարտիրոսյանի՝ այս քաղաքացիական ակտիվությունը հետագայում նաև քաղաքականության վրա կանդրադառնա։









































