Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հրավիրված ասուլիսի ժամանակ խոսելով նախարարության 2011 թ. գործունեության մասին, ասաց, որ այս տարի իրենք առանձնացրել են 3 գերակա խնդիր, որոնց լուծման համար կներդրվեն բոլոր միջոցները:
Մշակութային ժառանգության պահպանության հիմքերի ապահովման նպատակով այս տարի կստեղծվեն մշակութային ժառանգության պահպանման կենտրոններ:
Անցյալ տարի մշակույթի նախարարությունը սկսեց ստեղծել բոլոր պետական ֆոնդերի թվային տարբերակները, սկսեցին ձևավորվել վերականգնողական կենտրոնները։ Նախարարությունը նաև աշխատանքներ տարավ թանգարանային աշխատողների վերաորակավորուման ուղղությամբ, բայց, այնուամենայնիվ, շատ հարցեր մնացին չլուծված, և դրանց այս տարի ընթացք կտրվի:
«Այս տարվա գերակա խնդիրներից առաջնայինը մշակութային ժառանգության վերականգման կենտրոնների վերջնական ձևավորման գործընթացն է. դա պահանջում է ֆինանսական ներդրումներ, կադրերի վերապատրաստման գործընթաց։ Այս տարվա մեջ մենք նախատեսում ենք դա իրականացնել Իտալիայի կառավարության կողմից տրամադրվող գրանտի շրջանակներում։ Խոսքը առաջնահերթ չորս կենտրոնների մասին է. մշակութային արժեքների կենտրոնը` Հայաստանի պետական պատկերասրահի բազայի վրա, մշակութային պատմական իրերի վերականգնման կենտրոնը` Հայաստանի պատմության թանգարանի բազայի վրա, որմնանկարների վերականգման կենտրոնը` Էրեբունի թանգարանի բազայի վրա և հուշարձանների վերականգնման կենտրոնը` հուշարձանների վերականգման պետական կենտրոնի բազայի վրա: Դա ենթադրում է լաբորատորիաների ստեղծում, մասնագետների վերապատրաստում արտերկրներից հրավիրված մասնագետների կողմից և ամենակարևորը` նյութատեխնիկական բազայի ապահովում»,- նշեց նախարարը:
Մշակույթի նախարարության մյուս գերակա խնդիրներն են մշակութային հանրահռչակման ապահովումը և մշակութային ծառայություններում սպասարկման գործառույթի բարելավումը:
Տիկին Պողոսյանը խոստացավ, որ այս տարվա վերջում բնակչությունը հնարավորություն կունենա էլեկտրոնային ցուցադրությունների միջոցով հետևել հիմնական թանգարաննրի ցուցադրություններին, կներդրվեն նաև տոմսերի էլեկտրոնային վաճառքի միասնական համակարգեր` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:











































