Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել Russia today հեռուստաընկերությանը, որտեղ խոսել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին նա ասել է, որ պետք է գտնել կոնֆլիկտի լուծման այնպիսի ուղի, որի դեպքում հաշվի կառնվեն բոլոր կողմերի շահերը: Մամեդյարովը նշել է, որ հունվարի 24-ի մոսկովյան հանդիպումը այդ ուղին գտնելու նպատակ է ունեցել: «Ներկայիս իրավիճակը կարող է հավերժ տևել: Առաջընթաց արձանագրելու համար մենք պատրաստ ենք կիրառել ցանկացած միջոց»,- ասել է Մամեդյարովը: Նրա խոսքով, չնայած երկու երկրների միջև առկա հրադադարի մասին համաձայնությանը, զինված ուժերի շփման գծում դեռ զոհեր են լինում: Մամեդյարովը գտնում է, որ առաջխաղացման համար անհրաժեշտ է, որ Հայաստանը հեռանա «գրավյալ» տարածքներից, այդ վայրեր վերադառնան փախստականները և վերականգնվեն ենթակառուցվածքները: Նա ընդգծել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներդրումը կարգավորման գործընթացում և ռազմագերիների ու զոհվածների մարմինների փոխանակման հարցում: Մամեդյարովը հաջողված է համարում Մայենդորֆյան հռչակագիրը, որի համաձայն հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի և դրա հիման վրա ընդունված որոշումների ու փաստաթղթերի համաձայն: Անդրադառնալով արտաքին քաղաքականության այլ առաջնահերթություններին` նա առանձնացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն ու Իրանի հետ Կասպից ծովի կարգավիճակի շուրջ համաձայնության անհրաժեշտությունը: