Այսօր Եգիպտոսում վերսկսվում են Պորտ Սայիդ քաղաքում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով դատական լսումները: Դատական նիստերը կընթանան Կահիրեի Ոստիկանական ակադեմիայի շենքում՝ ամեն օր, մեկ շաբաթ: Ակնկալվում է, որ հանդես կգան և՛ մեղադրող, և՛ պաշտպանող կողմերը:
Մեղադրվում է 75 մարդ, որոնց մեծ մասը Պորտ Սայիդի «Ալ-Մասրի» ֆուտբոլային թիմի երկրպագուներ են: Մեղադրյալների մեջ են նաև 7 ոստիկաններ, որոնք պատասխանատու էին մարզադաշտի և քաղաքի անվտանգության համար, և որոնք, չնայած նախապատրաստվող անկարգությունների մասին տեղեկություններին, այնուամենայնիվ թույլատրել էին անցկացնել հանդիպումը: Բացի այդ, դատարանի առջև են կանգնել «Ալ-Մասրի» թիմի 3 աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ 2012թ. փետրվարի 1-ին Կահիրեի «Ալ-Ահլի» և Պորտ Սայիդի «Ալ-Մասրի» թիմերի ֆուտբոլային հանդիպման ընթացքում բախումներ սկսվեցին երկու թիմերի երկրպագուների միջև: Չնայած «Ալ-Մասրի»-ն հաղթել էր 3:1 հաշվով, նրա երկրպագուները հարձակում գործեցին մրցակից թիմի երկրպագուների վրա, իսկ հետո ներխուժեցին դաշտ՝ հարձակվելով հյուրերի մարզչական շտաբի և ֆուտբոլիստների վրա: Բախման հետևանքով զոհվեց 73, վիրավորվեց ավելի քան 300 մարդ:
Հետաքննության ընթացքում դատախազությունն ուսումնասիրել է կատարվածի մի քանի հնարավոր տարբերակներ՝ հանցավոր անզգուշությունից մինչև հատուկ պատրաստված դավադրություն: Մասնավորապես, հաղորդվում է, որ անհայտ անձինք հատուկ փակել էին մարզադաշտի դռները, որով պիտի դուրս գային երկրպագուները: Բացի այդ, անկարգությունների ամենաթեժ պահին մարզադաշտը որոշ ժամանակով հոսանքազրկվել է:








































