Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը բանտում է դիմավորել իր 84-րդ տարեդարձը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, պետության նախկին ղեկավարին այցելել են իր մի քանի հարազատներ և կինը՝ Սյուզանը:
Նշենք, որ սա արդեն երկրորդ տարին է, որ Մուբարաքը բանտում է նշում իր տարեդարձը: Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք նախկին նախագահին շնորհավորական հեռագրեր են ուղարկել այլ պետության առաջնորդները:
Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել 2011թ. փետրվարի 11-ին՝ Կահիրեում տևած բողոքի երկարատև ակցիաներից հետո: Հրաժարականից անմիջապես հետո նրան ձերբակալել են՝ մեղադրելով կոռուպցիայի և 800 ցուցարարների սպանության հրաման արձակելու մեջ: Ինքը՝ Մուբարաքը, հերքում է իր դեմ բոլոր մեղադրանքները:
Մուբարաքի դատավճիռը կընթերցվի հունիսի 2-ին: Եթե նախկին նախագահի մեղքն ապացուցվի, նրան կարող է սպասվել մահապատիժ:








































