ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը գոհունակությամբ նշեց, որ թեև ՀԱԿ-ի նախընտրական հանդիպումները սկզբում սակավամարդ էին, սակայն հետո ալիքը բացվեց, և այսօր արդեն գյուղացիներն են խնդրում, որ ինքը հանդիպի նրանց հետ: Հ. Բագրատյանը շեշտեց՝ նման բան այլ ուժի մոտ չկա:
«Եթե հերթական անգամ համը հանեն, մենք ուզում ենք այս ալիքը վերածել հեղափոխական ալիքի և վերջացնել սրանց իշխանությունը ցանկացած գնով»,- հայտարարեց Հ. Բագրատյանը:
Հաշվարկելով առկա բնակչության և ընտրելու իրավունք ունեցողների թվերը՝ Հ. Բագրատյանը համոզմունք հայտնեց, որ իշխանությունները մայիսի 6-ին փորձելու են 300-350 հազար քվեաթերթիկ լցոնել, նաև կիրառում են փող բաժանելու տեխնոլոգիան, իսկ եթե դա էլ չօգնի, թվեր կհայտարարեն: «Միակ բանը, որ կարող էինք անել, շտաբն է, որում միավորվեցին 4 կուսակցություն: Սրանից հետո որպես միակ լծակ մնում է ընդվզումը, հեղաշրջումը»,- ասաց Հ. Բագրատյանը:





































