Մայիսի 1-ին, ժամը 11-ի սահմաններում «ՎԱԶ-2107» մակնիշի մի ավտոմեքենա մտել է սահմանամերձ Դովեղի գյուղամեջ: Մեքենայից կրակ են բացել, սպանել մի աքլոր և այն գցել մեքենայի մեջ, հեռացել:
Գյուղապետ Սամվել Գորգինյանը Aravot.am-ին փոխանցել է, որ մեքենայի առջևում եղել են ռուսական պետհամարանիշներ, իսկ հետնամասում համարանիշներ չեն եղել; Գյուղամիջում գտնվել է կրակված փամփուշտից մնացած արճճի կտոր: Գյուղապետն ասել է, որ պատահարի կապակցությամբ դիմել է Նոյեմբերյանի ոստիկանություն:
Դովեղի գյուղապետը հայտնել է նաև, որ ապրիլի 25-ին ադրբեջանցիների կողմից շուրջ 45 րոպե Դովեղի գնդակոծությունից հետո գյուղի նախակրթարանի 15 սաներից մեկի ծնողը հրաժարվել է երեխային նախակրթարան ուղարկել: Նախակրթարանի տնօրեն Էմիլա Գորգինյանից լրատվամիջոցը տեղեկացել է, որ նախակրթարանի վրա ադրբեջանական կրակոցներից առաջացած վախի հետևանքով երեխաներից մեկը սկսել է կակազել:
Դովեղցիները դժգոհում են, որ գյուղի գնդակածությունից հետո ոչ մի պաշտոնյա գյուղ չի եկել, որ կրակոցների հաջորդ օրը`ապրիլի 26-ին Նոյեմբերյան այցելելով` նախագահ ՍերԺ Սարգսյանը չայցելեց 5 կմ հեռավորությամբ գտնվող Դովեղ, Նոյեմբերյանում ունեցած իր ելույթում էլ Դովեղի մասին ոչ մի բան չասաց, չոգևորեց դովեղցիներին: Գյուղապետ Ս. Գորգինյանն ասել է, որ պետական պաշտոնյաները գյուղ չեն այցելել, սակայն հեռախոսազանգերով հետաքրքրվել են գյուղի իրավիճակի վերաբերյալ:











































