Եթե Ս. Սարգսյանի քայլը նախընտրական չլիներ, մեզ վաղուց էին ծեծել և սատկեցրել: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ակտիվիստ Արման Յարալյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցին և քաղաքապետին տրված հանձնարարականին պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ:
Ակտիվիստը նշեց, որ բացարձակ գոհացնող չէր, որ նախագահը նման հանձնարարականով հանդես եկավ: Ըստ Արման Յարալյանի` իր գործը չէր` գալ բուտիկների համար հրաման արձակել, սա ավելի փոքր պաշտոնյաների լուծելիք հարցն էր:
«Այս հարցն ավելի շուտ պետք է լուծում գտներ և այսքան չծավալվեր, որպեսզի ինչ-որ մեկը սա նախընտրական քարոզչության համար օգտագործեր: Սա կապում եմ նախընտրական քարոզչության հետ, հակառակ դեպքում մեզ ծեծել, սատկեցրել և տուն էին ուղարկել»,- մեկնաբանեց ակտիվիստը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ եղել է պուրակում և հանձնարարական է տվել ապամոնտաժել կրպակները:








































