Բալթիմորում սկսվել է դատավարություն քաղաքական խորհրդատու Ջուլիուս Հենսոնի նկատմամբ, որին մեղադրում են ընտրողներին մոլորության մեջ գցելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
2010թ. նահանգապետի ընտրությունների ժամանակ Հենսոնը ավտոմատ զանգեր է կատարել շրջանների բնակիչներին, որտեղ բնակչության մեծ մասը սևամորթներ են: Լսափողի ձայնը համոզում էր մարդկանց, որ դեմոկրատներ Մարտին Օ’Մելլին և Բարաք Օբաման արդեն հաջողության են հասել: Ձայնը քվեարկողներին կոչ էր անում թուլանալ և իրադարձություններին հետևել հեռուստացույցից:
Ինչպես պնդում է մեղադրող կողմը` դրանով Հենսոնը տպավորություն էր ստեղծում, որ ընտրություններն արդեն ավարտվել են` փորձելով իջեցնել աֆրոամերիկացիների մասնակցության ցուցանիշը ընտրություններին: Հենսոնը այդ ժամանակ եղել է գործող նահանգապետ հանրապետական Ռոբերտ Էրլիխի խորհրդատուն, որը կրկին պայքարում էր իր պաշտոնի համար:
63-ամյա Հենսոնը չի հերքում, որ կազմակերպել է այդ հեռախոսազանգերը և հղում է կատարում ազատ խոսքի իրավունքին: Նա հայտարարել է, որ այդ զանգերը ապօրինի չի համարել և չի ձգտել ընտրություններին մարդկանց մասնակցությունը նվազեցնել: Էրլիխի օգնական Փոլ Սկուրիկը ավելի վաղ չորս տարվա պայմանական կալանքի է դատապարտվել այդ զանգերի համար:







































