Գիտակների ակումբը՝ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, այսօր դպրոցականների միջև անցկացնում է Что? Где? Когда? խաղը, որին մասնակցում են 22 թիմեր՝ Երևանից, Ստեփանակերտից, Գյումրիից և Կապանից: Միջոցառումն անցկացվում է ամեն տարի, և ինչպես նշեց Գիտակների ակումբի նախագահ Տիգրան Քոչարյանը, հաղթող թիմը հնարավորություն կստանա մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է Բելառուսում: Այդ պատճառով էլ խաղը վարում է Բելառուսի գիտակների ակումբի նախագահ Պավել Զաբավսկին:
«Մարդկանց մեծ խումբ է ձևավորվում, որոնք ինքնահաստատվում են՝ շնորհիվ գիտելիքի, այլ ոչ թե հեռախոսի կամ ավտոմեքենայի: Իմ կարծիքով՝ ժամանակը ցույց է տալիս, որ ինտելեկտը ամենակարևորն է մարդու կյանքում»,- ասաց պրն Քոչարյանը:
Սկսելով խաղը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեխաներին կոչ արեց լավ սովորել, քանի որ գիտելիքն է այն ուժը, որից ոչ ոք մարդուն չի կարող զրկել. «Ես ուրախ եմ, որ ինտելեկտուալ շարժումը իր շուրջն է համախմբել այսքան դպրոցականների: Ինտելեկտի և գիտելիքի շնորհիվ դուք կհասնեք այն արդյունքներին, որին ձգտում եք դուք և ձեր ծնողները: Մեր նախարարությունը միշտ ձեր կողքին է»:
Խաղն անցկացվում է երեք փուլով, յուրաքանչյուրում՝ 15 հարց: Հաղթող երկու թիմերը կմեկնեն Բելառուս՝ մասնակցելու դպրոցականների Եվրոպայի առաջնությանը:








































