Բրիտանացի Փիրս Կազիմիր-Մրովչինսկին Շոտլանդիայի ափերի մոտ անմարդաբնակ կղզի է գնել: Հենց այնտեղ է ցանկանում տղամարդը հուղարկավորվել իր կնոջ՝ Պաուլինայի հետ: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Փոքրիկ կղզի գնելու գաղափարը Փիրսի մոտ առաջացել է այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ քաղցկեղ են ախտորոշել: Բրիտանացին բուժման կուրս է անցնում և ամենևին այն կարծիքին չէ, թե իր օրերը հաշված են: Չնայած լավատեսությանը, նա այնուամենայնիվ որոշել է հոգալ իր վերջին հանգրվանի մասին:
– Ես շատ եմ սիրում ծովը, հենց այդ կղզում եմ ցանկանում հանգրվանել մահից հետո,- ասել է Կազիմիր-Մրովչինսկին:
Կղզում ո՛չ էլեկտրականություն կա, ո՛չ խմելու ջուր, սակայն բրիտանացին կարծում է, որ կղզին մոլորակի ամենահիսքանչ վայրն է:
Կղզու վաճառքն իրականացրած ընկերությունը սկզբում 90 հազար ֆունտ է պահանջել, սակայն սակարկման արդյունքում տղամարդն այն գնել է 55 հազար ֆունտով:









































