Բավական ինստիտուցիոնալ հռետորաբանությունը առանձնապես չի բացում չակերտները: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ օրինակ բերելով ՀՀԿ-ին. «ՀՀԿ-ն խոսում է արդարության, արժանապատվության, քաղաքացու և իրավունքի մասին, այսինքն` այն ամենի, ինչին մեր հասարակությունը բնավ վարժված չէ: Ընդհակառակը՝ մեր հասարակությունը հենց իրավունքի ոտնահարման, արժանապատվությունը ոտնահարող վիճակի մեջ է: Ներկա իշխանությունը ջանում է և ջանացել է, որ մարդը հենց այդպիսին լինի, արժանապատիվ լինի, պաշտպանված լինի, նախաձեռնողականությունը կարողանա իրացնել»: Բայց ազգագրագետի համար շատ տխուր է այն փաստը, որ գործող իշխանությունը, որն ամենաազդեցիկը և ամենաշատ հնարավորություն ունեցող կուսակցությունն է, օգտագործում է հենց այն բառամթերքը, որը իրականում հենց իր դեմ է օգտագործվում:
«Կարծում եմ, որ սկզբունքորեն այսօրվա ամբողջ բառամթերքը հղկված, միջինացված, ծրագրորեն չարդարացված և ծրագրորեն չհիմնավորած բառամթերք է: Առանձնապես որևէ կոնկրետ ակնկալիքի հույսեր չի առաջացնում: Եվ կարծում եմ, որ բավականին տխուր քարոզարշավ է իր մշակույթով. ուղեկցող երաժշտությամբ , տեսահոլովակներով, ամեն ինչ երկրորդական, ուղղակի տեսողության համար, լսողության համար ինչ-որ բան է պատրաստված»,- ասաց ազգագրագետը:
Նա նաև անդրադարձավ հետազոտություններին՝ դրանք համարելով ոչ հավաստի. «Ես լսում եմ նաև, որ Gellup-ները հետազոտություն են անում, այս կամ այն կուսակցությունների քարոզչությունը մարդկանց դուր է գալիս 80-90 տոկոսով, կարծում եմ, որ այդ պատասխանողների մեծ մասն ասել է մի բան ասած լինելու համար: Այս քարոզչությունը, որ խնդիր ունի մարդկանց սրտին հասնել, ոչ մի տեղին էլ չի հասնում: Եվ բավական ձանձրալի քարոզչություն է: Իմ դիտարկումներով՝ հասարակության կողմից ընկալումն այդպիսին է»:
Իսկ թե ինչ են տալու ընտրությունները մարդկանց՝ Հրանուշ Խառատյանի կարծիքով, ոչ մի նոր բան. «Ոչինչ նոր չի ապացուցվելու, նոր երևույթ չի բերելու: Այս ընտրությունները արդեն ձևավորված մշակույթի կամ ցավոք՝ հակամշակույթի ձև է: Որը բավականին թատերականացված ներկայացման օրինաչափություն է ստեղծել և ստեղծելու»:








































