Մոնղոլ հրամանատար Չինգիզ խանի 5 մետրանոց արձանը, որն անցած շաբաթ է տեղադրվել Լոնդոնի Hyde Park այգում, հարուցել է բրիտանացիների զայրույթը: Այն տեղադրվել է 19-րդ դարի սկզբին կառուցված Մարմարե հուշակամարի մոտ: Ձիուն թամբած Չինգիզ խանի արձանը քանդակել է ռուս քանդակագործ Դաշա Նամդակովան:
Բնակիչները և որոշ քաղաքական գործիչներ ընդունում են, որ նա պատմական մեծ կերպար է, սակայն չեն կարողանում հասկանալ, թե ինչ կապ ունի ասիացի հրամանատարը Մեծ Բրիտանիայի հետ: Նրանք կատակով միմյանց հարցնում են. «Հաջորդն ո՞ւմ հերթն է՝ Ստալինի՞, թե՞ Սադամ Հուսեյնի»:
Լեյբորիստ առաջնորդ Փոլ Դայմոլդենբերգը հայտնել է, որ զարմանում է, թե ինչու է միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձած մարդու արձանը պատվավոր տեղ գրավել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:
Պահպանողականները ռուս քանդակագործի այս գործն ընտրել են փառատոնի շրջանակում, որն անցկացվում է թագուհու հոբելյանի, օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերի կապակցությամբ: Պահպանողականները քննադատություններն անհիմն են համարում` ասելով, որ ձիուն նստած Չինգիզ խանի արձանը արվեստի հրաշալի ստեղծագործություն է:







































