ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտում է ռազմական հեղաշրջումը Գվինեա-Բիսաուում և չի ընդունում «Ազգային անցումային խորհրդի» ոչ սահմանադրական կանոնադրությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը:
Հայտարարության մեջ նշվել է, որ ԱԽ–ն պահանջում է սահմանադրական կարգի անհապաղ վերականգնում, ինչպես նաև` Գվինեա-Բիսաուի օրինական կառավարության վերադարձ իշխանության գլուխ:
Սյուզան Ռայսն իր հայտարարության մեջ նաև նշել է, ՄԱԿ ԱԽ-ն պատրաստ է դիտարկել հեղաշրջման կազմակերպիչների հանդեպ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցը, եթե երկրում իրավիճակը շարունակի մնալ անկանոն:
Ռեյսի փոխանցմամբ` Անվտանգության խորհուրդը պահանջում է անհապաղ և առանց պայմանների ազատել ժամանակավոր նախագահ Ռայմունդո Պերեյրային, վարչապետ Կառլոս Գոմեշ Ժունիորին և այլ պաշտոնատար անձանց` նախագահական և խորհրդարանական ընտրություններն ավարտին հասցնելու համար:
Հիշեցնենք, որ Գվինեա-Բիսաուում հեղաշրջում է տեղի ունեցել ապրիլի 12-ին` նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին:











































