ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնական միջոցառումներին մասնակցելու առիթով Երևանում գտնվող Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադն ու Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը այցելել են մայրաքաղաքի Բեյրութի փողոցին հարակից մանկական զբոսայգի և հարգանքի տուրք են մատուցել հայ ժողովրդի բարեկամ, լիբանանցի արձակագիր, բանաստեղծ և փիլիսոփա Ժուպրան Խալիլ Ժուպրանի հիշատակին:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` Բեյրութի քաղաքապետն ընդգծել է, որ Ժուպրանի կիսանդրին հայ և լիբանանցի ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշն է և վստահեցրել է, որ լիբանանցիները մշտապես հայ ազգի համար եղել ու մնում են եղբայրական ժողովուրդ: Կամո Արեյանն իր հերթին վստահեցրել է, որ այդ վերաբերմունքը փոխադարձ է:
Կիսանդրին Երևանում տեղադրվել է 2005 թվականին:









































