Ապրիլի 21-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումինիայի Մշակույթի և ազգային ժառանգության նախարար Հունոր Կելեմենին:
Ողջունելով նախարարի այցը Հայաստան և Մայր Աթոռ` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված դարավոր բարեկամությունը շարունակում է ամրապնդվել շնորհիվ երկու պետությունների արդյունավետ գործակցության: Անդրադառնալով ռումինահայ համայնքին` Վեհափառ Հայրապետն ուրախությամբ հաստատել է, որ այսօր հայ համայնքը կարողանում է ազատորեն կազմակերպել իր ազգային-հոգևոր կյանքը, իսկ համայնքի ներկայացուցիչները ներգրավված են երկրի կյանքի բոլոր ոլորտներում: Այս առիթով Նորին Սրբությունն ի դեմս նախարարի շնորհակալություն հայտնեց Ռումինիայի իշխանություններին ռումինահայ համայնքի, ինչպես նաև Ռումինիայի հոգևոր ժառանգության մաս կազմող հայկական սրբավայրերի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Վեհափառ Հայրապետը նաև տեղեկացրել է նախարարին առաջիկա օգոստոս ամսին Ռումինիա կատարելիք հովվապետական իր այցի մասին` Սուչավայի Հաճկատար Ս. Աստվածածին վանքի 500-ամյակի տոնախմբման և վերաօծման արարողության առիթով:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիար Հունոր Կելեմենն անդրադարձել են ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերներին, Հայ Առաքելական և Ռումին Ուղղափառ քույր եկեղեցիների հարաբերություններին:








































