Ուրբաթ Բահրեյնում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը:
Զոհը 30-ամյա Սալեհ Աբաս Հաբիբն է: Նրա հարազատների հաղորդմամբ՝ տղամարդը ուրբաթ անհետացել է այն բանից հետո, երբ ոստիկանները ցրել են բողոքի ակցիան: Շաբաթ առավոտյան Հաբիբի անշունչ մարմինը հայտնաբերվել է շենքերից մեկի տանիքին:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Բահրեյնի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ դեպքի առիթով հետաքննություն է սկսվել:
Բահրեյնում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին 2011թ. փետրվարին և որոշակի ընդհատումներով շարունակվում են մինչ այժմ: Ցույցերը կազմակերպվում են երկրում մեծամասնություն կազմող շիաների կողմից, որոնք իշխող սուննի վերնախավից պահանջում են իրենց որոշակի քաղաքական ազատություններ տալ:









































