Թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Վլադիմիր Կարապետյանն այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում իր ելույթում խոսեց Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին, մասնավորապես՝ ապրիլի 3-ին Բաքվում տեղի ունեցածը համարեց շատ վտանգավոր Հայաստանի համար:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների ստորագրած փաստաթղթում նշվում է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լինելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Վլ. Կարապետյանը նշեց, թե Հայաստանն ու Ղարաբաղը որևէ կերպ չեն արձագանքել դրան, այնքան է Հայաստանի իշխանությունը բաց թողել բանակցային գործընթացը, որ անգամ չի կարողանում արձագանքել:
Վլադիմիր Կարապետյանը նաև խոսեց օրերս Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի մասին, որում հիշատակվում է, որ Հայաստանը չպետք է Ղարաբաղ զինծառայողներ ուղարկի՝ ծառայության: Ըստ նրա՝ դրանից հետո մեկ քայլ է մնում, որ մեզ հայտարարեն զավթիչ:
«Ռեժիմի հերթական հանցավոր ձախողումներն են, այսօրվա հրամայականը պետք է լինի ռեժիմի օր առաջ հեռացումը: Ոչ մի ձա՛յն հանցավոր ռեժիմին»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը Շենգավիթի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնում էր, թե ինչ հաջողություններ է արձանագրել Հայաստանն արտաքին քաղաքականության ոլորտում:










































