Լեհաստանի հարավում գտնվող Auchan ցանցի երկու սուպերմարկետներում աշխատակիցները բանանների արկղերում ավելի քան 100 կգ կոկաին են հայտնաբերել: Ինչպես գրում է Agence France-Presse-ը՝ արկղերը երկիր են ուղարկվել Էկվադորից:
Առևտրային ցանցի ներկայացուցիչ Դորոտա Պատեյկոյի խոսքով՝ ո՛չ աշխատակիցները, ո՛չ էլ ցանցի տնօրինությունը չգիտեն, թե ինչպես է թմրանյութը հայտնվել մրգերի կողքին: Ձեռնարկված հետաքննչական միջոցառումները կպարզեն թմրանյութի ծագումն ու կգտնեն հասցեատիրոջը:
Վերջին ամսում անհայտ էկվադորցիներն արդեն երկրորդ անգամ են լեհերին կոկաինի նման խմբաքանակ ուղարկում: Մարտին 30 կգ թմրանյութը, կրկին տեղավորված բանանների կողքին, հայտնվել էր մեկ այլ սուպերմարկետում: Տեղի իրավապահների խոսքով՝ բանանների և կոկաինի այդ խմբաքանակը նախատեսված էր ուղարկել Բելգիա: Այն Լեհաստանի տարածքում էր հայտնվել սխալմամբ:
Էկվադորը հանդիսանում է համաշխարհային շուկայի գլխավոր բանան մատակարարողներից մեկը: Կոկաինի արտահանման ծավալներով այդ երկիրը ևս շուկայի առաջատարներից է, զիջում է միայն հարևան Կոլումբիային: Վաճառականները հաճախ են կոկաինը թաքցնում բանանների կողքին:







































