Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը փետրվարի 4-ին հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 19-ից Թորգոմ արք. Մանուկյան պատրիարքը հիվանդանոցում է ծանր թոքատապի և ուղեղային կաթվածի հետևանքով:
Այսօր ևս նրա վիճակը կայուն անփոփոխ է, անկողնային վիճակի մեջ է. խոսելու կարողությունը կորցրել է ուղեղային վնասվածքի պատճառով, սակայն գիտակից վիճակում է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից Արիս սրբազան Շիրվանյանը:
Հարցին՝ ինչպե՞ս պետք է լուծվի պատրիարքական փոխանորդի կամ նոր պատրիարքի հարցը, Սրբազանը պատասխանեց, որ մի քիչ բարդ հարց է ներկա դրությամբ: Նրա փոխանցմամբ` պատրիարքական փոխանորդի պարտավորությունները հունվարի 30-ին տնօրեն ժողովի որոշմամբ կատարում է Նուրհան արք. Մանուկյանը, ով վարում է պատրիարքարանի առօրյա գործերը:
«Մինչև պատրիարքի վախճանը արքեպիսկոպոս Մանուկյանը պատրիարքարանի գործերը պետք է ժամանակավոր կերպով վարի, չենք կարող կանխատեսել, թե պատրիարքն ինչքան կապրի, միայն նրա վախճանից հետո Սրբոց Յակոբեանց միաբանության ուխտի կանոնադրության համաձայն` միաբանական առանձին ժողով կգումարվի նոր տեղապահ կամ տեղակալ ընտրելու համար»,- տեղեկացրեց Արիս սրբազան Շիրվանյանը:
Հիշեցնենք, որ 93-ամյա Թորգոմ արք. Մանուկյան պատրիարքը նաև «Փարքինսոն» հիվանդությամբ է տառապում:









































