Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ Ստամբուլում հանդիպել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, առաջին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը:
Հանդիպումը տևել է ավելի քան 2.5 ժամ: Հանդիպման ժամանակ կողմերի հիմնական ուշադրության կենտրոնում է գտնվել երկու հարց՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության դեմ պայքարի հարցն ու իրաքյան ղեկավարությունում առկա ճգնաժամը: Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի նշվում:
Բարզանին այսօր դռնփակ հանդիպում է ունեցել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, այսօր նրան ընդունելու է նաև նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նշվում է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Բարզանիի այցին, ով Ստամբուլ է ժամանել ԱՄՆ-ի ղեկավարության հետ ունեցած հանդիպումից անմիջապես հետո:
Բարզանին երեկ Ստամբուլում հանդիպել է նաև Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիի հետ, ով քաղաքական ապաստան է գտել Թուրքիայում: Հաշեմին հանդիպումից հետո հայտարարել է, որ բանակցությունները հաջող են ընթացել, սակայն դրանց բովանդակության մասին ոչինչ չի հայտնել:










































