«Գտնվելով հանրապետության նախագահի և վարչապետի լիակատար հսկողության տակ՝ այդ մարմիններն այսօր օրինակելի ստորաքարշությամբ ու ծառայամտությամբ իրականացնում են երկու ֆունկցիա. առաջին՝ կոծկել, թաքցնել, պարտակել ռեժիմի ահավոր հանցագործությունները՝ կաշառակերությունը, թալանը, նույնիսկ ահաբեկչություններն ու սպանությունները, և երկրորդ՝ ահաբեկել ու քրեական հետապնդումների ենթարկել իշխանությունների քաղաքական և տնտեսական հակառակորդներին: Նրանց գործունեության գլխավոր մեթոդը բոլոր ակտիվ քաղաքացիների, այդ թվում՝ այս հրապարակում կանգնածներից շատերի վերաբերյալ, այսպես կոչված, կոմպրոմատներ հավաքելն ու հատուկ թղթապանակներ (դոսիեներ) կազմելն է: Ընդ որում, այդ նպատակով գործի է դրվում ստալինյան բռնապետության ողջ զինանոցը՝ մատնությունը, անստորագիր ահազանգերը (այլ կերպ՝ անոնիմկաները), անօրինական հեռախոսալսումները, իրեղեն ապացույցների կեղծումը, բռնությամբ ցուցմունքներ և ինքնախոստովանական հայտարարություններ կորզելու պրակտիկան, բացառապես մեկ մարդու ցուցմունքով կայացած դատավարությունները և այլն: Հայաստանում չկա մի մարդ, որն այս կամ այն չափով ենթարկված չլինի թվարկված անօրինականություններից գոնե մեկին:
Բոլորովին մի՛ կասկածեք. անձնական թղթապանակներ են կազմված բոլոր քաղաքական գործիչների, պատգամավորների, տնտեսվարող սուբյեկտների, մեծ ու փոքր գործարարների, դասախոսների, բժիշկների, մտավորականների վերաբերյալ: Չվստահելով իրենց ենթականերին, երկրի ղեկավարները գործեր են կազմել նաև պետական բոլոր պաշտոնյաների վրա՝ նրանց մշտական շանտաժի տակ պահելու և հավատարմորեն ռեժիմին ծառայեցնելու նպատակով: Ռեժիմի հավատարիմ ծառաներ ասելով ես նկատի չունեմ, ամենևին, դատական և իրավապահ համակարգերի, ինչպես նաև պետական ապարատի միջին և ստորին օղակների տասնյակ հազարավոր ազնիվ ու բարեխիղճ պաշտոնյաներին: Նրանք նույնքան ստորացված, նվաստացած ու խռոված են անտանելի վարչախմբից, որքան մեր ողջ ժողովուրդը: Եթե այսօր նրանք, այլընտրանքի բացակայության պատճառով, դեռ այդ զգացումները չեն արտահայտում, ապա ժողովրդական ալիքի բարձրացմանը զուգընթաց, միահամուռ կերպով կմիանան ժողովրդին, ինչպես դա արեցին 1988 թվականին սկսված համազգային շարժման ժամանակ:
Իրավական հետևանքներից շատ ավելի սոսկալի են ներկա իշխանությունների գործունեության քաղաքական հետևանքները: Մեծ հայրենասերներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վարդան Օսկանյանի վարած հանճարեղ ներքին և արտաքին քաղաքականության շնորհիվ Հայաստանն արդեն իսկ հայտնվել է համաշխարհային զարգացման հիմնական մայրուղուց շեղված, իզգոյ կամ մերժյալ պետության կարգավիճակում, իր հաստատուն տեղն զբաղեցնելով երրորդ աշխարհի նմանատիպ պետությունների շարքում:
Դա ոչ միայն քայքայում է առանց այդ էլ անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում գոյատևելու դատապարտված հայոց պետականության հիմքերը, այլև հղի է ղարաբաղյան կարգավորման գործընթացում մեր դիրքերն զգալիորեն թուլացնելու վտանգով: Կոռումպացված, ավտորիտար, բռնատիրական և այդու արտաքուստ հզոր թվացող, բայց սեփական ժողովուրդների համար ատելի դարձած պետություններն իրականում ամենաթույլ պետություններն են: (Հեռուն չգնալու համար բավական է հիշեցնել շաբաթների ընթացքում մեր իսկ աչքի առջև կործանված իրաքյան պետության օրինակը): Եվ ընդհակառակը՝ անհամեմատ ավելի հզոր են իրավական, ժողովրդավար, ազատ, իրենց ժողովուրդների վստահությունը վայելող պետությունները»:
Հոկտեմբեր 26, 2007թ.











































