Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը ավելի է թուլանում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` խոսելով «Հայոց ցեղասպանություն. real politik և փոփոխվող աշխարհ» թեմայի շուրջ:
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման միտումների մասին` Ռ. Կիրակոսյանն ասաց` էական է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավելի լավ դիրքերում է գտնվում, քանի որ այժմ Թուրքիայի կողմից են ակնկալվում պատասխան քայլեր:
Ըստ նրա` ավելի շատ բան պետք է արվի այդ դիրքերն ամրապնդելու համար: Ռ. Կիրակոսյանի կարծիքով` Թուրքիայի` Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունն ավելի ու ավելի է թուլանում, ավելի քիչ երկրներ են համաձայնվում այդ քաղաքականությանը, ամեն տարի այդ քաղաքականությունը դառնում է ոչ էֆեկտիվ և բացասաբար է ազդում Թուրքիայի վրա:
Նրա խոսքով` դրան զուգահեռ, միջազգային ճանաչման շարժումն ավելի է մեծանում, սակայն Ադրբեջանը շատ ավելի է ներգրավված Ցեղասպանության ժխտողական քաղաքականության գործընթացում, ուստի, ըստ Ռ. Կիրակոսյանի, պետք է ակնկալենք ավելի շատ դիվանագիտական հարձակումներ Հայաստանի վրա:
Անդրադառնալով միջազգային իրավունքի և հարաբերությունների հարցերին` Ռ. Կիրակոսյանն ասաց, որ այս դեպքում Ցեղասպանության հարցը, որը կապվում է այլ ցեղասպանությունների հետ, ավելի ուժեղ դիրքեր է սկսում գրավել: Նրա դիտարկմամբ` Հայոց ցեղասպանությունը մաթեմատիկայի բնագավառում կապվում է մեկ, հինգ և երեք թվերին:
«Մենք մոտենում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցին, և Թուրքիան կհայտնվի ավելի մեծ ճնշումների տակ: Հինգը` մենք այս պահին ընտրում ենք հինգ տարի ժամկետով նոր խորհրդարան: Հետաքրքիր է` իհարկե, բացասական առումով, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն քննարկվում նախընտրական շրջանում. սա նշանակում է, որ այս ընտրությունները վերաբերում են անձերին, ոչ քաղաքականությանը:
Ապրիլի 24-ին ակնկալվում են Թուրքիայի կողմից հիշատակումներ. խոսքը 1 մլն 500 հազար հայերի մասին է»,- մեկնաբանեց քաղաքագետը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության քաղաքականության շուրջ նոր թիվ է ի հայտ եկել` 60 մլրդ, ավելի կոնկրետ` 60 մլրդ ԱՄՆ դոլար Ցեղասպանության դիմաց: Նա տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի հաշվարկներով` Թուրքիան Ցեղասպանության վնասի դիմաց այդքան պետք է վճարի:







































