Ահաբեկչության և 77 մարդու կանխամտածված սպանության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկը խոստովանել է, որ պլանավորել էր մահափորձ կատարել Նորվեգիայի վարչապետի և կառավարության այլ անդամների դեմ: Այս մասին նա այսօր հայտարարել է դատարանում:
«Սկզբում նպատակը նորվեգական կառավարության բոլոր անդամներին, այդ թվում` վարչապետին սպանելն էր»,- հայտարարել է Բրեյվիկը դատական գործընթացի չորրորդ օրը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հրապարակել էին քաղաքական և հասարակական գործիչների անուններ, որոնց ահաբեկիչը պլանավորել էր սպանել: Բրեյվիկը ահաբեկչությունների համար դիտարկել էր մոտ 30 «թիրախ»:
Հարցաքննության ընթացքում պարզ է դարձել, որ ահաբեկիչն ունեցել է մի ցուցակ, որի մեջ եղել են նրա պատկերացմամբ՝ «հայրենիքի դավաճանների» անունները: Ցուցակում ընդգրկվածները բաժանված են եղել երեք կարգի` A, B, C: Նշենք, որ առաջին կարգում է եղել Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գար Սթերեն:











































