Այսօր Երևանում Ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ստանդարտացման բնագավառի միանգամյա բացառիկ մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Ստանդարտների միջազգային կազմակերպության (ISO) նախագահ Բորիս Ալյոշինը, Ռոսստանդարտի պետ Գրիգորի Էլկինը, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը, կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Բ. Ալյոշինն իր ողջույնի խոսքում նշեց, որ այսօր հանրությունը կանգնած է ընտրության առաջ, ստեղծվում են հիբրիդային շարժիչներ, ռեսուրսները այլ կերպ են օգտագործվում, բարձր տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ընձեռում. «Ներկա մարտահրավերները պետք է հաղթահարել և դա պետք է անել ստանդարտացման միջոցով»:
Տասը «ոսկյա մրցանակ» շնորհվեց այն լավագույն կազմակերպություններին, որոնք իրենց արտադրական կամ աշխատանքային գործընթացներում ստանդրատների ու ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ամենամեծ կիրառումն ունեն, իսկ տասը «բարձրագույն մրցանակ ստանդարտացման բնագավառում» շնորհվեց ստանդարտացման գործընթացներում ակտիվ դերակատարում ունեցող ընկերություններին:
Նշենք, որ 1993 թվականից ի վեր Ստանդարտների ազգային ինստիտուտը մշակել է 3800 ստանդարտներ, իսկ 1997 թվականից այն անդամակցում է ISO-ին:






































