Ռուսական Forbes ամսագրի «Ռուսասատանի 200 ամենահարուստ գործարարների» ցուցակում առաջատարի փոփոխություն է տեղի ունեցել: Ամենամյա վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում է հայտնվել «Մետալլոինվեստ» հոլդինգի սեփականատեր Ալիշեր Ուսմանովը, որի կարողությունը փորձագետները գնահատել են 18.1 մլրդ դոլար:
«Նոր Լիպեցկի մետալուրգիական կոմբինատ»-ի սեփականատեր Վլադիմիր Լիսինը, որը վերջին երկու տարիներում հայտնվում էր վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում, այժմ հայտնվել է երկրորդ տեղում՝ 15.9 մլրդ դոլար կարողությամբ: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Սեվերստալ»-ի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը (15.3 մլրդ դոլար):
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների առաջին տասնյակում տեղ են գտել Վլադիմիր Պոտանինը («Նորիլսկիյ նիկել»- 14.5 մլրդ դոլար), Վագիտ Ալեկպերովը (ԼՈՒԿօյլ- 13.5 մլրդ դոլար), Միխայիլ Ֆրիդմանը («Ալֆա-գրուպ»- 13.4 մլրդ դոլար), Միխայիլ Պրոխորովը («Օնեքսիմ»- 13.2 մլրդ դոլար), Վիկտոր Վեքսելբերգը («Ռենովա»- 12.4 մլրդ դոլար), Ռոման Աբրամովիչը (Millhouse Capital- 12.4 մլրդ դոլար): Առաջատարների տասնյակը եզրափակում է Լեոնիդ Միխելսոնը («Նովատէկ»- 11.9 մլրդ դոլար):
Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ընդհանուր կարողությունը 2012 թ. նվազել է մոտ 10%-ով՝ հասնելով 446.3 մլրդ դոլարի՝ 2011 թ. 498.6 դոլարի համեմատությամբ:
Ցուցակում տեղ են զբաղեցրել հայ ձեռնարկատերեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը (63-րդ հորիզոնական, կարողությունը՝ 1.6 մլրդ դոլար) և «Տրոյկա դիոլոգ» ընկերությունների խմբի նախագահ Ռուբեն Վարդանյանը (180-րդ հորիզոնական, կարողությունը՝ 500 մլն դոլար):
Ցուցակի միակ կինը Մոսկվայի նախկին քաղաքապետ Լուժկովի կինը՝ Ելենա Բատուրինան է (1.1 մլրդ դոլար):
Ցուցակում տեղ գտած 200 ձեռնարկատերերից 145-ն ապրում են Մոսկվայում, 13-ը՝ Սանկտ Պետերբուրգում:







































