Երեկ մայրաքաղաքի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել 20-ամյա մի աղջիկ: Սա, ըստ էության, հասարակության անուղղակի, միևնույն ժամանակ ամենավառ, բայց նաև ողբերգական պատասխանն է նախընտրական քարոզարշավին և դրա ընթացքում հնչող կարգախոսներին ու խոստումներին, որ տարբեր տրամաչափի գործիչներ և ուժեր ներկայացնում են հասարակությանը: Իրականում 20-ամյա աղջնակի ողբերգական որոշումն այն ասեղն է, որը ծակում է նախընտրական փուչիկներն ու պայթեցնում դրանք` ի ցույց դնելով քսանամյա անկախ պետականության դառը և դատարկ իրականությունը:
Նման դեպքեր լինում են բոլոր երկրներում, անգամ ամենազարգացած կենսամակարդակով հասարակություններին են հատուկ նմանօրինակ ինքնասպանությունները և հուսահատ այլ քայլերը, և թերևս պետք չէ դրանք ավելորդ ցեխ դարձնել քաղաքական գործընթացի վրա շպրտելու համար, միևնույն ժամանակ շահարկելով ողբերգությունը: Բայց, խնդիրն այն է, որ մարդկային և հասարակական ողբերգությունների յուրահատուկ պատճառներ ունեցող այդ ամբողջականությունն, այնուհանդերձ, տարբերակվում է ըստ երկրների, հասարակությունների, միջավայրերի և ըստ միտումների: Իսկ վերջին շրջանում Հայաստանում հստակ զգացվում է ինքնասպանությունների միտումների աճ: Նորմալ հասարակություններում և պետություններում դրան արձագանքում են համապատասխան քայլերով թե՛ պետական-կառավարական, թե՛ քաղաքական դաշտում: Մեզ մոտ` Հայաստանում, արձագանքը ընդամենը հավատալ-չհավատալու սահմանում է, հավատի ու անհավատության եզրում: Իշխանությունը կոչ է անում հավատալ իրեն, ընդդիմությունը հակառակ կոչն է անում և հորդորում չհավատալ իշխանությանը, չհավատալ իրենց հասցեին բամբասանքներին, հետո չհավատալ մյուս ընդդիմություններին ու իշխանություններին:
Այս ամենի մեջ, ինքնասպանության միտումների հոգեբանական աճի դինամիկ փուլում գտնվող հասարակությունն է՛լ ավելի է գրգռվում իր հանդեպ թվացյալ հոգատարությունից, բայց իրականում մեծ անտարբերությունից, և մնացյալն արդեն դառնում է վիճակագրության հարց, որը երեկ ավելացավ մեկով: Կարող էր նաև չավելանալ, բայց դրանից, մեծ հաշվով, չէր փոխվում ոչինչ, որովհետև դա արդեն ընդամենը տեխնիկական հարց է, իսկ հոգեբանական առանցքային խնդիրը Հայաստանում տանուլ է տրված վաղուց և վերականգնման ուղղությամբ չի կատարվում ոչ մի առարկայական քայլ:
Կուսակցությունները և քաղաքական միավորները կոտորում են իրար մի քանի մանդատի համար, իսկ ժողովուրդը սպանում է ինքզինքը հուսահատությունից: Ընտրություններ 2012-ի ցավալի, ողբերգական, դատարկ, դաժան, բայց միևնույն ժամանակ, թերևս, ամենաիրական պատկերը, որի գույները շատերը կարող են խտացված համարել, ինչը նույնպես օրինաչափ կլինի մի հասարակությունում, որտեղ մարդկանց խտությունը թե՛ ֆիզիկական, թե՛ նաև արժեքային իմաստով ավելի ու ավելի նվազում է, և մարդը դադարում է գերակա արժեք լինելուց:
Լուսանկարը՝ Գ․ Շամշյանի







































