Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Եվրախորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի հետ Ասոցիատիվ համաձայնագրի հարցով բանակցությունների մասին: Ադրբեջանի վերաբերյալ բանաձևի օգտին քվեարկել է 520 եվրապատգամավոր (32 դեմ, 24 ձեռնպահ), իսկ Հայաստանին առնչվող բանաձևի օգտին՝ 508 եվրապատգամավոր (29 դեմ, 27 ձեռնպահ):
Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերում մասնավորապես ասվում է. «Ասոցիատիվ համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ-ի բանակցությունները պետք է տարածաշրջանը դարձնեն ավելի անվտանգ՝ նպաստելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև դառնան մարդու իրավունքներին ու ժողովրդավարական բարեփոխումներին ԵՄ-ի աջակցության միջոց: Երկու երկրներն էլ դեռ մեծ ճանապարհ ունեն անցնելու»:
Բանաձևերում ողջունվում են բարեփոխումների նկատմամբ Հայաստանի և էներգետիկ ոլորտում ԵՄ-ի հետ ներկայիս համագործակցության Ադրբեջանի ձգտումները, սակայն դրանց հետ մեկտեղ արվում են մարդու իրավունքների խախտման վերաբերյալ նախազգուշացումներ՝ կապված այս տարի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երաժշտական մրցույթի և մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:
Ադրբեջանի վերաբերյալ նշված է, որ ադրբեջանական իշխանությունները պետք է ապահովեն «Եվրատեսիլ 2012»-ի նախապատրաստման շրջանակներում տարվող շինարարական աշխատանքների պատճառով քաղաքացիների օրինական վերաբնակեցումը: Բացի այդ, բանաձևում անհանգստություն է հայտնված նրա համար, որ իշխանություններին քննադատող իրավապաշտպանները ցանկանում են այդ երաժշտական մրցույթն օգտագործել միջազգային հանրության ուշադրությունն Ադրբեջանի խնդիրների վրա բևեռելու համար:
Հայաստանի վերաբերյալ բանաձևում ողջունվում են Հայաստանի գործադրած ջանքերը՝ ուղղված ԵՄ-ի փորձի ներդրմանը բարեփոխումների հասնելու գործընթացում, որոնք առնչվում են արդարադատության, մարդու իրավունքների, անվտանգության և մասնավորապես միգրացիայի ոլորտներին: Սակայն սրա հետ մեկտեղ ընդգծվում է մայիսին ազատ ու արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:
Այս ընտրությունները որոշակի թեստ են դառնալու Հայաստանի համար ԵՄ-ի հետ լավ հարաբերություններ ունենալու տեսանկյունից, քանի որ եթե Հայաստանն անցկացնի ազատ ու արդար խորհրդարանական ընտրություններ, ապա դա ի ցույց կդնի, որ Հայաստանը լրջորեն է տրամադրված ստանձնած պարտավորությունների կատարման հարցում:
Բանաձևում նշված է, որ Հայաստանում տեղի ունեցած նախորդ ընտրությունների ժամանակ ընդդիմության բողոքի ակցիան կանխելու համար ոստիկանության ձեռնարկած գործողությունների արդյունքում սպանվել են մարդիկ, իսկ Հայաստանը ցայժմ չի ավարտել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների թափանցիկ ու անկողմնակալ հետաքննումը:
Ղարաբաղյան հակամարտության հետ կապված՝ Եվրախորհրդարանի պատգամավորները երկու երկրներին կոչ են անում ավելի մեծ ջանքեր գործադրել դրա կարգավորման ուղղությամբ: Բանաձևում դատապարտվում են տարածաշրջանի ռազմականացումն ու գնալով մեծացող ռազմական ծախսերը, և ԵՄ-ի անդամ երկրներին կոչ է արվում դադարեցնել զենքի ու զինամթերքի մատակարարումը երկու կողմին էլ:
Եվրախորհրդարանը նաև Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ է անում իրենց ելույթներում մեղմացնել ռազմաշունչ հռետորիկան՝ անկեղծ երկխոսության ուղին շարունակելու համար: ԵՄ-ն իր հերթին պետք է ավելի մեծ ներդրում ունենա տարածաշրջանի կայունության հարցում՝ իր ուշադրությունը բևեռելով երիտասարդության ու գիտական հասարակության ներկայացուցիչների շփումների կարևորության վրա՝ անցագրային ռեժիմի դյուրացման ու հետընդունման մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ժամանակ վստահության մթնոլորտի ամրագրմանն աջակցելու համար:







































