Շվեյցարական Le Temps թերթի փոխանցմամբ՝ միջուկային էներգիայից հրաժարվելու որոշումը Շվեյցարիային ստիպում է դիվերսիֆիկացնել էներգամատակարարումները և զարգացնել վերականգնվող էներգիայի աղբյուրները:
Գազի մատակարարումների դիվերսիֆիկացման համար Շվեյցարիան հետաքրքրություն է ցուցաբերում մերձկասպյան տարածաշրջանի և մասնավորապես Ադրբեջանի նկատմամբ: Բռնակալական Ադրբեջանը գնալով դառնում է ավելի կարևոր խաղացող համաշխարհային էներգամատակարարումներում:
Դա չի վրիպել շվեյցարական իշխանությունների աչքից, որոնք վերջին տարիներին դիվանագիտական սերտ հարաբերություններ են հաստատել Ադրբեջանի հետ: Մինչև 2008 թվականը Շվեյցարիայի նավթավերամշակման գործարաններ ներկրվող նավթի հիմնական մասը բերվում էր Լիբիայից: Սակայն երկու երկրների միջև ծագած ճգնաժամը հարկադրեց փոփոխել մատակարարումների ռազմավարությունը:
Էստաֆետը Լիբիայից փոխանցվեց Ադրբեջանին, որին ներկայիս դրությամբ բաժին է ընկնում Շվեյցարիայի գնած ողջ նավթի 1/3-ը: Ադրբեջանի պետական նավթային ընկերությանն (SOCAR) է պատկանում Շվեյցարիայում Esso տեխսպասարկման կայանների ցանցը: SOCAR-ն ազդեցիկ լծակներ ունի Ժնևում: Անգամ լուրեր են շրջանառվում, որ SOCAR-ը պլանավորել է գնել Կրեսիեի նավթավերամշակման գործարանը:
Շուտով ադրբեջանական նավթին կավելանա ադրբեջանական գազը: Մեկ ամիս առաջ ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրում մշակումներ իրականացնող ВР կոնսորցիումն իր ընտրությունը կատարեց Բեռնի կողմից աջակցություն ստացած Հարավեվրոպական գազատարի (TAP) օգտին: