Ֆինանսական միջնորդության, հանքարդյունաբերության և շինարարության ոլորտները ՀՀ-ում ամենաարտադրողականն են, այսինքն՝ այստեղ է արտադրվում է մեր երկրի մեկ աշխատողի հաշվով ավելացված արժեքի առավելագույն չափը: Սակայն միաժամանակ այդ ոլորտներում զբաղվածության մասնաբաժինն ամենացածրն է, համապատասխանաբար`1%, 1% և 7%: Այսօր Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսի ժամանակ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը դժգոհեց, որ ավելացված արժեքի գնահատականում անտեսվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:
«Խոսք չկա ՏՏ մասին, որը Հայաստանում ամենամեծ ավելացված արժեք ստեղծողն է: Այնպիսի տպավորություն է, որ ՏՏ ոլորտը երկրում ընդհանրապես չկա»,- ասաց Հ. Մուսայելյանը:
Զեկույցի ներկայացմանը մասնակցող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը զեկույցի հեղինակ «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանին հարցրեց. «Սինոփսիսն» ո՞ւր է: Մեր ազգային հպարտությունը չկա»:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի բնորոշմամբ` այդ միտումը կա ամբողջ զեկույցում. «Եթե վախենում եք, որ աչքով են տալու, կարող եք չնշել, բայց եթե զբաղվածությունը հանքարդյունաբերությունում և ՏՏ-ում մեկական տոկոս է, հանքարդյունաբերության արտադրանքը`8-12 մլն, ապա ՏՏում 12 մլն-ից արդեն անցել է: Լավ կլիներ՝ զեկույցում նշվեր նաև ՏՏ մասին»:
Այս հանգամանքը Մ. Հերգնյանը բացատրեց վիճակագրության թերությամբ` Ազգային վիճակագրական ծառայությունն առանձին չի ներկայացնում ՏՏ-ն, այն տարրալուծված է տարբեր ոլորտների մեջ, և կարիք կա վերադասավորման:
Ի դեպ, զբաղվածության առումով ամենամեծ ցուցանիշը գյուղատնտեսությունում է՝ 39%, սակայն աշխատանքի արտադրողականությամբ գյուղատնտեսությունը նախավերջինն է`գերազանցում է միայն կրթության ոլորտին:












































