Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հեռացված «Մուսուլման եղբայրների» թեկնածու Հայրաթ Ալ-Շատիրը կոչ է արել իր կողմնակից իսլամական շարժումներին և այլ հեղափոխական քաղաքական ուժերին ապրիլի 20-ին՝ առաջիկա ուրբաթ օրը, հավաքվել Կահիրեի Թահրիր հրապարակում՝ «պաշտպանելու հեղափոխությունը և թույլ չտալու, որպեսզի իշխանության վերադառնան իշխող վարչակարգի ներկայացուցիչները»: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով եգիպտական մամուլը:
Եգիպտոսի նախագահի ընտրությունների հարցով հանձնաժողովը երեքշաբթի որոշում էր կայացրել նախագահական արշավից հեռացնել 10 ընդդիմադիր թեկնածուների, այդ թվում «Մուսուլման եղբայրներ»-ի նախկին գերագույն առաջնորդի տեղակալ Հայրաթ Ալ-Շատիրին:
Նույն օրը երեկոյան Ալ-Շատիրը մամուլի ասուլիս է հրավիրել Եգիպտոսի մայրաքաղաքում և կոչ արել «բոլոր հեղափոխության պաշտպաններին միավորել իրենց ձայները» «Մուսուլման եղբայրներ»-ի ևս մեկ թեկնածուի՝ Մուհամմադ Մուրսիի օգտին»:
«Մենք պետք է միավորենք մեր ջանքերը մեր հեղափոխությունը հին վարչակարգի գողերից պաշտպանելու, մեր երկիրը կործանումից փրկելու համար»,- ասել է Ալ-Շատիրը:
Նա հայտարարել է, որ Թահրիրում կայանալիք միլիոնանոց ակցիայի ժամանակ անհրաժեշտ է հակահարված տալ «ոչ ժողովրդավարական նախագահական ընտրություններին, որոնց նպատակն է իշխանության բերել հին վարչակարգի թեկնածուներին»:
Եգիպտոսի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա մայիսի 23-ին և 24-ին: Եգիպտոսում անցկացրած վերջին հարցումների համաձայն երկրի նախագահի առավել հավանական թեկնածու է համարվում Եգիպտոսի նախկին արտգործնախարար, Արաբական պետությունների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Աբու Մուսան:







































