Գերմանիայի կառավարությունը որոշել է ընդլայնել Բունդեսվերի «Ատլանտա» մանդատը եվրոպական գործողությունների շրջանակում սոմալացի ծովահենների դեմ պայքարելու համար: Այս մասին գրել է Spiegel-ը: Նախարարների կաբինետը նախատեսում է գերմանացի զինծառայողներին թույլ տալ հետևել ծովահեններին Սոմալիի տարածքում:
Իշխանությունները նախատեսում են Բունդեսվերին թուլ տալ շարժվել Սոմալիի օդային տարածքով, ընդ որում՝ միայն երկու կիլոմետր: Բացառություն կլինեն միայն փրկարարական գործողություններն այն դեպքում, եթե զինծառայողներով ինքնաթիռը տեխնիկական կամ այլ պատճառներով վայր ընկնի:
Եթե կառավարության առաջարկությունն ընդունվի Բունդեստագի կողմից, ապա Գերմանիան կարող է միանալ «Ատլանտա» գործողության այլ մասնակիցների, որոնք արդեն համաձայնեցրել են ընդլայնված մանդատը:
Ընդհանուր առմամբ Գերմանիայում կասկածով են վերաբերվում հակածովահենային մանդատին: Գերմանական ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է դեմ քվեարկել այս առաջարկին: Ընդդիմադիրների կարծիքով՝ նման առաջարկը նոր ռիսկեր է բերում զինծառայողների համար: Բացի այդ, հատուկ ծառայությունում կասկածում են, որ այս միջոցները կօգնեն ծովահենների դեմ պայքարում:







































