Հայ ազգային կոնգրեսի նախընտրական հանրահավաքները սակավամարդ են, ու թեև Կոնգրեսը հռչակել է միակ թիրախի քաղաքականություն՝ փորձելով այդպես, ըստ էության, սև-սպիտակ դարձնել դաշտը, այդուհանդերձ, այդ մարտավարությունը չի նպաստում հանրային մոբիլիզացիային, և հենց այդ սակավամարդությունն իսկ վկայում է, որ Կոնգրեսն իրականում ընկնում է իր իսկ սարքած ծուղակը:
Արարատի մարզում կայացած հանրահավաքների ընթացքում Կոնգրեսի առաջնորդն ու մյուս լիդերները փորձում էին բացատրություններ գտնել իրենց հանդիպումների սակավամարդությանը: Խոսում են վախի մթնոլորտի մասին (կարծես 2008 թվականին մարդիկ ավելի քիչ էին վախեցած, որ հոծ շարքերով գալիս էին համաժողովրդական շարժման հավաքներին և Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպումներին), խոսում են արտագաղթի մասին (դա պարզունակ մանիպուլյացիա է, որովհետև որքան էլ Հայաստանից արտագաղթը մեծ լինի, միևնույն է, ընդդիմադիր ընտրազանգվածը այնպիսի կայուն մեծություն է կազմում Հայաստանում, որ ընդդիմությունը պարզապես չի կարող բողոքավոր մարդկանց խնդիր ունենալ), խոսում են խորհրդարանի ընտրության պարագայում հանրության առավել քիչ ուշադրության մասին (դա վկայում է, որ Կոնգրեսի հայտարարությունները՝ խորհրդարանի ընտրությունը նախագահի ընտրության առաջին փուլի վերածելու մասին, իրականում չունեն բավարար հանրային արձագանք):
Բայց, որքան Կոնգրեսը փորձում է բացատրություններ գտնել իր նախընտրական հանրահավաքների սակավամարդությանը, այդքան առավել պարզ է դառնում, որ Կոնգրեսին ընդամենը չի բավականացնում ճշմարտության երեսին նայելու և սխալներն ընդունելու համարձակությունը: Համաժողովրդական շարժման նշանակալի զարթոնքից հետո, որ տեղի ունեցավ 2008 թվականին և տեղ-տեղ նույնիսկ համեմատվեց 1988-ի հետ, Հայ ազգային կոնգրեսը անցած չորս տարում նշանակալիորեն շեղվեց ժողովրդական վեկտորից և մտավ իշխանության հետ քաղաքական ինտրիգների գործընթացների մեջ, մտավ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ինտրիգների հուն, մեկ սկսեց ՀՀԿ-ի հետ երկխոսել, մեկ Մոսկվային ռեվերանս անել, մեկ՝ Արևմուտքին, հետո «Վիկիլիքսից» պարզվեց, որ մի բան ասվել է հրապարակավ, ու մեկ այլ բան արվել տետ ա տետ հանդիպումներում, հետո Կոնգրեսը սկսեց «Բարգավաճ Հայաստանի» հետ սիրախաղի միտումներն ու արդեն որոշակի քնքշանքները:
Կոնգրեսի առաջնորդները այդ ամենի առնչությամբ հանրությանն ընդամենը հորդորում էին հավատալ Տեր-Պետրոսյանին, հավատալ շախմատի ուժին, հավատալ ու համբերել: Իսկ հանրության լռությունն ընկալում էին իբրև համաձայնության նշան: Մինչդեռ հանրությունն ընդամենը դադարում էր լսել Կոնգրեսին, ինչի մասին բոլոր նախազգուշացումներին և ահազանգերին ի պատասխան՝ Կոնգրեսն իր ընդդիմախոսներին մեղադրեց և մեղադրում է իշխանության կամ այլ ուժերի պատվերը կատարելու, ծախված լինելու մեջ:
Մինչդեռ, ինչպես պարզվեց, փաստ է այն, որ Կոնգրեսը զգալիորեն հեռացել է հասարակությունից, կամ հասարակությունը՝ Կոնգրեսից՝ այդ ուժի մեջ տեսնելով արդեն ոչ թե ժողովրդական շարժում, այլ դասական, ավանդական քաղաքական ուժ՝ իր «պերճանքով և թշվառությամբ»: Ընդ որում, համաժողովրդական շարժման որակի, բովանդակության և ճակատագրի հեռանկարի վերաբերյալ ահազանգերին հակադրվում էր նաև արմատականությունը, այն իմաստով, որ Կոնգրեսը երբեք չի գնա արմատական, հեղափոխական քայլերի, չի բարձրանա ցանկապատների վրա: Մինչդեռ դա ընդամենը իրավիճակի և իրականության նենգափոխման մեկ այլ դրսևորում էր, որովհետև խնդիրը ամենևին էլ բարիկադները և ցանկապատները չեն:
Խնդիրն այն է, թե որևէ քաղաքական գործընթացում ժողովուրդը, հասարակությունը որքանով է իրեն սուբյեկտ զգում և որքանով է դառնում ընդամենը օբյեկտ: Եվ երբ խոսելը, կարծիք հայտնելը, չհամաձայնելը դիտվում է դավաճանություն, ծախվածություն, գործակալություն, իսկ օրինակելի վարք է դիտվում ընդամենը լռելյայն հավատալը, հասարակության մի զգալի մասը պարզապես լռելյայն հեռանում է ու այլևս չի գալիս օբյեկտ լինելու, որովհետև իշխանության և ընդդիմության տարբերությունը երկրում առաջին հերթին պետք է լինի քաղաքացուն շնորհված կարգավիճակը, այլապես ոչ մի տարբերություն՝ հասարակությանը չար իշխանությո՞ւնն է օբյեկտ դարձրել, թե՞ բարի ընդդիմությունը:






































