Ուկրաինական Varamar ընկերություն հերքում է, որ Միջերկրական ծովում ձերբակալվել է Սիրիա զենք տեղափոխող գերմանական Atlantic Cruiser նավը: Ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Վարվարենկոն «5-րդ ալիքին» հայտնել է, որ նավի վրա անօրինական բեռ չի եղել և այն ընդհանրապես չի ձերբակալվել:
«Նավը Սիրիա էր տեղափոխում նախագծային բեռ, որը նախատեսված էր այդ երկրի տարածքում օբյեկտի կառուցման նախագծի համար: Բեռն անվնաս է, այն ոչ մի կապ չունի ոչ զենքի, ոչ բանակի հետ, ոչ էլ ռազմական նշանակություն ունի: Այս պահին նավը գտնվում է ազատ ջրերում և սպասում է մեր ցուցումներին»,- ասել է Վարվարենկոն:
Երեկ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Միջերկրական ծովում ուկրաինական նավ է ձերբակալվել, որն իբր զենք էր տեղափոխում Սիրիա: Ապրանքը իբր նախատեսված էր երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի կողմից կռվող սիրիական զորքերի համար:












































