Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հերքում է, որ ընդհուպ մինչև 2010 թ. կեսերը պատրաստվում էր ատոմային ռեակտոր վաճառել Լիբիայի այդ ժամանակվա առաջնորդ Մուամար Քադաֆիին:
Նման մեղադրանքներ անցյալ շաբաթ Սարկոզիի հասցեին հնչեցրել էր ֆրանսիական Areva ընկերությունը, որը զբաղվում է ատոմային էներգետիկայի համար սարքերի արտադրությամբ և մշակմամբ:
«Պարոն Քադաֆիին ռեակտոր վաճառելու հարց երբեք չի քննարկվել»,- ասել է Սարկոզին ֆրանսիական France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում:
Սարկոզիի խոսքերով՝ եթե աշխարհում կա թեկուզ և մեկ առաջնորդ, որը Քադաֆիի հետ կապ չի ունեցել, ապա դա ինքն է:
Սարկոզիի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել Areva-ի նախկին գործադիր տնօրեն Աննա Լովորժոնը: Նա գործող նախագահի քաղաքական մրցակիցներից մեկն է: Լովերժոնը եղել է 1981-1995 թթ. երկրի սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Միտերանի օգնականը: Ենթադրվում է, որ նա նախարարի պաշտոն կզբաղեցնի նաև Ֆրանսուա Օլանդի կառավարությունում, եթե վերջինս հաղթի ընտրություններում:
Հիշեցնենք. Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 22-ին, իսկ երկրորդը (եթե դրա անհրաժեշտությունը լինի)՝ մայիսի 6-ին:











































