ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Մալաթիա-Սեբաստիա համայնքում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպին ու կանանց ագրեսիվ պահվածքը բացատրեց վախով, քանի որ այդ մարդիկ կախվածություն ունեն Սամվել Ալեքսանյանից:
«Սամվել Ալեքսանյանը վախենում է, ասելիք չունի: Առաջադրվե՞լ ես, ասում ես`100%-ով կրած եմ, մարդիկ քեզ նորմալ դեբատների են կանչում, որ ժողովուրդը տեսնի` ինչ ինտելեկտուալ մակարդակ ունես: Կարծում եմ` նա զրոյական բիզնեսմեն է, վնասով աշխատող, եթե օգուտով աշխատեր, ուրեմն մենք նրանից պետք է տարեկան 120-150 մլրդ դրամ հարկ ունենայինք: Չունենք:
Իր հարկ չտալու պատճառով է, որ թոշակը չի կրկնապատկվում: Մի 10-15 մլրդ է հարկ տալիս: Այդ մարդը գողանում է թոշակները.կամ գողանում է, կամ անարդյունավետ է աշխատում: Պետք է 25-30% շահութաբերություն լիներ, ցույց է տալիս 0%: Շաքարի մանրածախ գները Հայաստանում 50%-ով ավելի բարձր են, քան Կիևում»,- ասաց Հ. Բագրատյանը:











































