Ռուսաստանը հակված չէ պաշտպանելու Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետագա պաշտոնավարումը: Այս մասին Մոսկվայում տված մամուլի ասուլիսում հայտնել է Սիրիայի համակարգման ազգային կոմիտեի նեկայացուցիչ Հայսամ Մանան՝ մեկնաբանելով ներքին ընդդիմության հանդիպումը Ռուսաստանի ԱԳՆ և Պետդումայի ներկայացուցիչների հետ:
«Մենք գոհունակությամբ պետք է նշենք, որ ՌԴ ներկայացուցիչները, մեզ հետ քննելով Սիրիայի խնդիրները, հակված չէին պաշտպանել Բաշար Ալ-Ասադի վարչակարգի շարունակման գաղափարը և հանդես են գալիս երկրում ժողովրդավարական բարեփոխումների օգտին»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Խոսելով Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական և փոխարտգործնաարար Միխայիլ Բոգդանովի հետ ունեցած հանդիպման մասին՝ Մանան տեղեկացրել է, որ զրույցն անցել է բաց և բարեկամական մթնոլորտում: «Մենք համագործակցության եզրեր ենք գտել,- ասել է նա,- մենք համաձայնության ենք եկել, որ բացառում ենք որևէ արտաքին միջամտություն Սիրիայի գործերին»:







































