Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ կառավարության նիստում, ուր ամփոփվել են այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները, անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին.
«Ես հետագայում նույնպես բոլոր միջազգային միջոցառումներում շարունակելու եմ մերկացնել Հայաստանի զավթողական քաղաքականությունը: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ նրանք, ովքեր Խոջալուում կազմակերպեցին այդ արյունալի աղետը, ֆաշիստներ են: Դա հնարավոր չէ այլ կերպ անվանել:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մեր սկզբունքային դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է անխոս վերականգնվի, իսկ հայկական զորքերը պետք է հեռանան մեր հողերից: Ես դրանում չեմ կասկածում: Մենք հզորանում ենք ինչպես տնտեսական ոլորտում, այնպես էլ միջազգային արենայում:
Մենք ստեղծում ենք հզոր ռազմական արդյունաբերություն և միևնույն ժամանակ շարունակում ենք գնել մեծ քանակությամբ սպառազինություն: Ադրբեջանն ունի ուժեղ բանակ, որն ունակ է վերականգնել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղում ու հարակից շրջաններում: Սակայն մենք ցանկանում ենք դա անել խաղաղ ճանապարհով՝ առանց արյունահեղության:
Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր րոպե մեզ մոտեցնում է հաղթանակին: Ամեն օր շարունակվում է Հայաստանի անկումն ու Ադրբեջանի վերելքը: Կգա օրը, երբ ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում ու Շուշիում»:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին էլ Բաքվում տեղի ունեցած Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նստաշրջանի պաշտոնական բացման ժամանակ Ալիևը Հայաստանին մեղադրել էր «Ադրբեջանի տարածքների օկուպացման, էթնիկ մաքրումների, խաղաղ քաղաքացիների սպանությունների և ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը չկատարելու» մեջ՝ հայերի գործողությունները որակելով որպես «ֆաշիստական»:












































