Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանը պարզաբանումներ տալու համար կանչվել է Իրանի ԱԳՆ: Այստեղ նրան նոտա է հղվել՝ կապված սաուդյան բանտերում Իրանի քաղաքացիների հանդեպ վերաբերմունքի հետ: Այս մասին նշված է Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ նոտայի պատճառ է հանդիսացել այն, որ Էր-Ռիադը հրաժարվել է Թեհրանին տեղեկատվություն տրամադրել սաուդյան Դամամ քաղաքի բանտում պահվող Իրանի քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ: Իրանական կողմի կարծիքով՝ դա բանտարկյալների իրավունքների վերաբերյալ միջազգային կոնվենցիաների խախտում է:
Միևնույն ժամանակ, ոչինչ չի նշվում իրանցի բանտարկյալների ինքնության ու քանակի մասին:
Հիշեցնենք, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները սրվեցին 2011 թվականի մարտին, երբ սաուդյան զինվորական կոնտինգենտը մտավ քաղաքական սուր ճգնաժամում հայտնված Բահրեյն:









































