ԱՄՆ-ը մտադիր է հետագայում ևս ընդդիմանալ Միավորված ազգերի կազմակերպության անդամ դառնալու Պաղեստինի ջանքերին: Ավելին, ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կարող է օգտվել իր վետոյի իրավունքից: MIGnews-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելում ԱՄՆ դեսպան Դանիել Շապիրոն:
Դեսպանի խոսքերով` Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու կարճ ուղիներ չկան, և պաղեստինցիները պետք է առանց նախապայմանների սկսեն բանակցել Իսրայելի հետ:
Դրա հետ մեկտեղ ավելի վաղ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել էր, որ բանակցությունները փակուղի են մտել Արևմտյան ափը բնակեցնելու Իսրայելի քաղաքականության պատճառով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասն Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովից կպահանջի ուսումնասիրել «Պաղեստին պետության»՝ ՄԱԿ-ին անդամակցելու կրկնակի դիմումի հնարավորությունը: Այս մասին հայտարարել էր Պաղեստինի ազատագրության կազմակերպության կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Յասիր Աբեդ Ռաբոն: