Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ եթե մինչև հուլիսի 1-ը, երբ Կիպրոսը կստանձնի ԵՄ-ի նախագահությունը, կիպրական հարցը չկարգավորվի, ապա պաշտոնական Անկարան ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (ՀԿԹՀ) անցում են կատարելու «Բ» պլանին:
Հիշեցնենք, որ Թուրքիան ամիսներ շարունակ սպառնում էր սառեցնել ԵՄ-ի հետ հարաբերությունները, եթե կիպրական հարցը լուծում չստանա մինչև հուլիսի 1-ին Կիպրոսի կողմից ԵՄ-ի նախագահության ստանձնումը:
«Բ» պլանով նախատեսվում է, որ ՀԿԹՀ-ի անունը փոփոխություն է կրելու: ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի պլանի համաձայն՝ ՀԿԹՀ-ն վերանվանվելու է «Կիպրոսի թուրքական պետություն» և աշխարհից պահանջելու է իրեն ճանաչել այդ անվամբ:
Հիշեցնենք, որ Անանի պլանի համաձայն Կիպրոսում ստեղծվելու էր միասնական պետություն՝ Կիպրոսի միացյալ հանրապետություն՝ բաղկացած երկու ինքնավար մասերից՝ հունական ու թուրքական, որը միավորելու էր ողջ կղզին (բացառությամբ բրիտանական բազաներից):
Սակայն 2004 թվականի ապրիլի 24-ին Կիպրոսում անցկացված կղզու միավորման մասին հանրաքվեի ժամանակ հույն-կիպրացիների մոտ 75 տոկոսը դեմ քվեարկեց Անանի պլանին, մինչդեռ թուրք-կիպրացիների 65 տոկոսն աջակցեց դրան:
Հույն-կիպրացիներին դուր չեկավ այն, որ Անանի պլանով չէր պարտադրվում կղզուց թուրքական զորքերի դուրսբերումը, ինչպես նաև այն, որ թույլ էր տալիս Թուրքիայից եկած վերաբնակների բնակեցումը, ինչը կասկածի տակ էր դնում շատ հույն-կիպրացի փախստականների վերադարձի հարցը, քանի որ նրանց տներին տիրել էին Թուրքիայից ժամանած վերաբնակները (մոտ 100,000 մարդ):











































