Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է դադարեցնել երկրի մայրաքաղաքում անվտանգության ուժերի և «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև սկսված փոխհրաձգությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը, թեպետ մյուս գործակալությունները տեղեկացնում են, որ մարտերը քաղաքի կենտրոնում շարունակվում են:
Երեկ հաղորդվել էր, որ գրոհայիններին հաջողվել է հարձակում գործել նախագահական նստավայրի վրա, թեև պաշտոնական տեղեկությունների համաձայն` այդպիսի միջադեպ տեղի չէր ունեցել: Այս պահի դրությամբ հայտնի է, որ սպանվել է մոտ 2 տասնյակ գրոհային, այդ թվում` մահապարտ ահաբեկիչներ: Կառավարական ուժերն ունեն տասնյակ վիրավորներ, զոհեր չկան:
Երեկ «Թալիբան»-ում հայտարարել էին, որ իրենց գլխավոր նպատակն էր ԱՄՆ-ի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների գրավումը, որոնք հակաահաբեկչական կոալիցիայի գլխավոր գործող երկրներն են:








































