Մոսկվայում ուղղաթիռն այնքան էր շտապում փրկել վիրավորին, որ վիրավորել է ևս երկու մարդու։ Այս մասին հաղորդել է mignews.ru-ն:
Միջադեպի մանրամասները հաղորդել են մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրները: Ինչպես հաղորդվում է, շաբաթ երեկոյան Մոսկվայի ավիացիոն կենտրոնի ուղղաթիռը պետք է փրկեր ավտովթարի ենթարկված հետիոտնին՝ հասցնելով նրան մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկը: Երբ ուղղաթիռը վայրէջք է կատարել, օդի հոսքից ընկել է շինհրապարակը շրջապատող մետաղական պարիսպը: Այն փլվել է հնգամյա տղայի և նրա 52–ամյա տատիկի վրա:
Տուժածները ստացել են գանգուղեղային փակ վնասվածքներ և ուղեղի ցնցում: Տատիկն ու թոռնիկը ևս հոսպիտալացվել են:








































