Մոսկվան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից կոնկրետ առաջարկներ է սպասում Սիրիայում մեծամասշտաբ դիտորդական ներկայություն իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ ասվում է, որ գրեթե համաձայնեցված է Սիրիայում դիտորդական խումբ ուղարկելու որոշումը: Դիտորդական խումբը պետք է վերահսկի այդ երկրում զինադադարի ռեժիմի կատարումը:
Մոսկվայում ցավում են, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը երկար ժամանակ չի կարողացել բանակցությունները այս հարցի շուրջ ավարտել սիրիական իշխանությունների հետ:
«Սիրիայի իշխանությունների հետ բանակցությունները դադարեցվեցին հենց այն ժամանակ, երբ առաջընթաց էր նկատվում: ՄԱԿ-ի խումբը ղեկավարող նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը հետ էր կանչվել խորհրդակցության համար և այդպես էլ չէր վերադարձել Սիրիա` չնայած սիրիական կողմից բազմաթիվ դիմումներին»,- փաստել են նախարարությունում:
Իրավիճակը բացատրելը բարդ է, բայց պարզ է, որ այս ամենը չի նպաստում միջազգային և տեղական ջանքերին` իրականացնելու Քոֆի Անանի ծրագիրը, որն ուղղված է խաղաղության շուտափույթ հաստատմանը:
«Մեր մյուս մտավախությունը տարբեր մայրաքաղաքներից եկող Քոֆի Անանի ծրագրի պարտադիր տապալման վատատեսական հայտարարություններն են: Նման հայտարարությունները ևս չեն նպաստում հատուկ պատվիրակի առաքելության բարեհաջող ավարտին»,- հավելել է ԱԳՆ-ն:










































