Այսօր «Առաջին լրատվական» էին զանգահարել Երևանի լեզվաբանական համալսարանի աշխատակիցներ, որոնք տեղեկացնում էին, որ համալսարանում սկսել են ի պաշտպանություն ռեկտոր Սուրեն Զոլյանի ստորագրահավաք կատարել:
Ուսումնական գծով պրոռեկտորն անձամբ պարտադրում է գրության տակ ստորագրել պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմին:
Ըստ աղբյուրի` այս ամենը կատարվում է Ս. Զոլյանի հրահանգով, ու մարդիկ վախենում են աշխատանքը կորցնելուց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը հերքեց այդ լուրը՝ նշելով, որ իրականությանը չի համապատասխանում և հասկանալի է, թե ում հրամանով է:
«Ես այն մարդը չեմ, որ պետք է նման ձևով պաշտպանվեմ, իմ աշխատակիցները բոլորն էլ գիտնական մարդիկ են, և նման քայլի ես չէի կարող գնալ, հատկապես այն դեպքում, երբ գործը գտնվում է դատարանում»,- ասաց ԵՊԼՀ ռեկտորը:
Զոլյանը տեղեկացրեց, որ ապրիլի 17-ին ԵՊԼՀ-ում կանցկացվի ընդլայնված գիտական խորհրդի նիստ, որին հրավիրվել են նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և վերջինիս 19.03.2012թ. N 190 Ա/Ք հրամանով ստեղծված վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամները:











































