«Ես քաղաքական գործիչ եմ, իմ դաշտը սա է, սա Ալեքսանյան Սամվելի և մնացած օլիգարխների դաշտը չի, իրենք թող հիշեն, ականջին օղ անեն: Սա այն դաշտն է, որտեղ մենք ենք, և իրենք պիտի հեռանան այդ դաշտից: Սերժ Սարգսյանն իրենց զոռով որ բերել է, սխալ է արել: Սերժ Սարգսյանն էլ գիտի, ուզում էր հրաժարվել՝ չկարողացավ:
Մեզ նման մարդիկ պառլամենտում իրենց պետք չեն, որովհետև մենք գալու ենք, իրենց ասելու ենք՝ գնացեք, դուք ավելի հաջողակ եք բիզնեսում, ես հաջողակ չեմ բիզնեսում, չեմ էլ փորձել զբաղվել: Ես դասախոս եմ եղել, կարողանում եմ օրենքներ կարդալ, օրենքներ գրել, ես լավ հասկանում եմ այդ ամեն ինչից, իրենք չեն հասկանում»,- երեկ Aravot.arn-ի հետ զրույցում ասել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքում մեծամասնականով պատգամավորության թեկնածու առաջադրված ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:
Նա խոստացել է, որ բիզնեսմենների համար լավ պայմաններ կստեղծի, իդեալական պայմաններ՝ առաջին հերթին Սամվել Ալեքսանյանի համար:
«Իմիջիայլոց, իմ գրած օրենքների շնորհիվ Է, որ ինքը սկզբում կարողացել Է կապիտալ հավաքել: Եթե ես մտածեի իրենց նման, հիմա իրենք չէին լինի, ես իրենց տեղը կլինեի: Օլիգարխը կլիներ Վահագն Խաչատրյանը»:












































