Ուրբաթ օրը Սիրիայի տարբեր շրջաններում կազմակերպած ընդդիմության զանգավածային ցույցերի զոհ է դարձել առնվազն 7 մարդ։ Այս մասին հաղորդում են արաբական ԶԼՄ-ները:
Ընդդիմադիր «համակարգող հանձնաժողովի» հաղորդմամբ՝ Համա, Իդլիբ, Դերաա քաղաքներում և Դամասկոսի արվարձաններում ցուցարարներ են սպանվել՝ անվտանգության ուժերի կողմից ցուցարարների վրա արձակած կրակոցների արդյունքում: Մի շարք քաղաքներում, այդ թվում՝ նաև Դամասկոսում ցուցարարների ձերբակալություններ են տեղի ունեցել:
Ինչպես նշում են արաբական ԶԼՄ-ները, «ընդդիմադիր ուժերը նախօրոք պատրաստվել էին բողոքի ակցիաներ անցկացնելուն»: Ապրիլի 12-ին, ժամը 06.00-ին կրակի դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես՝ ընդդիմության ակտիվիստները համացանցում սկսել են լայն ագիտացիոն արշավ` կոչ անելով բոլոր սիրիացիներին` տարբեր կրոնական և քաղաքական հայացքների կողմնակիցներին, ուրբաթ օրը դուրս գալ բողոքի զանգվածային ցույցերի: «Ոչ մի արդարացում չկա նրանց, ովքեր չեն մասնակցում ցույցերին: Եթե դուք ուզում եք վերջ տալ սպանություններին` դուրս եկեք փողոց: Եթե դուք ուզում եք Ասադի դինաստիայի կառավարման ավարտը` դուրս եկեք փողոց»,- կոչ է արել ընդդիմադիր ինտերնետ կայքերից մեկը:
Մեկ այլ ընդդիմադիր կայք, հրապարակելով Դամասկոսի համայնապատկերը, այն ուղեկցել է գրությամբ. «Քաղաքի հրապարակները սպասում են ձեզ, հերոսներ»:
Ավելի վաղ Սիրիական ազգային խորհրդի ղեկավար Բուրխան Գալյունը պնդում էր, որ «խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի հիմնական դրույթն է»։ Ծրագրի իրականացումը սկսվել է հինգշաբթի օրն առավոտյան՝ կրակի դադարեցմամբ:
Սիրիայի ՆԳՆ–ն իր հերթին նախօրեին հայտարարել էր, որ ցույցեր կարող են կազմակերպվել միայն իշխանությունների թույլտվության դեպքում:











































